Video > Ելք կա. ինչպես փրկել Սևանը

Ելք կա. ինչպես փրկել Սևանը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Սևանի հիմնախնդիրն այսօր հանրությանը հուզող, թերևս, գլխավոր խնդիրն է, միևնույն ժամանակ պետք է նշել, որ այդ խնդիրը առաջացել է ոչ այսօր, ոչ էլ երեկ: Սևանը օգնության կարիք ունի, ինչը նկատելի էր դեռևս անցած տարվանից, երբ լճի որոշ հատվածներ սկսեցին մամռակալել: Այսօր, սակայն, կանգնած ենք էկոլոգիական աղետի շեմին, այն պարզ պատճառով, որ քաղցրահամ ջրերի թագուհի համարվող Սևանն այսօր մեր աչքերի առաջ վերածվում է ճահճի:

Լճի մաքրության ուղղությամբ  քայլեր թեև կատարվում են, սակայն ակնհայտ է, որ խնդիրը շարունակում է առանցքային մնալ և Սևանի մաքրման աշխատանքները պետք է շարունակական լինեն, հաշվի առնելով լճի կենսական նշանակությունը մեր երկրի համար, Հայաստանի ապագան ուղղակիորեն կապված է Սեւանա լճի հետ, քանի որ քաղցրահամ ջուրն արդեն այսօր վերածվում է ստրատեգիական նշանակության ռեսուրսի, ինչպես նավթը։ Մասնագետ պետք չէ լինել, հասկանալու համար, որ նման մասշտաբի խնդիրների լուծումը պահանջում է ժամանակակից լավագույն տեխնիկայի ներգրավում: Ունե՞նք մենք արդյոք այդ տեխնիկան;

Տեխնիկայի հարցում կառավարությունը կարծես թե այլ առաջնահերթություն է որդեգրել: Չհաշված ուժային կառույցների` ՀՀ-ում այսօր կա 1074 ծառայողական մեքենա, որոնց միջին շուկայական արժեքն էլ իր հերթին տատանվում է 15-ից 70 հազար դոլլարի միջակայքում: Վարչապետ Փաշինյանը ժամանակին ԱԺ ամբիոնից բերում էր Դանիայի օրինակը, որտեղ ընդամենը մեկ ծառայողական մեքենա է գործում, սակայն չգիտես ինչու այդ օրինակը մեր իշխանությունների համար վարակիչ չդարձավ՝ արձանագրեցինք ու անցանք: Ավելին՝ վերջերս կառավարությունը որոշել է նախարարներին ծառայողական նոր էլեկտրոմոբիլներ գնել: Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն այդ նպատակով տրամադրել է 700 000 եվրո։ Չհաշված որոշ պաշտոնյաների՝ 200 հազար դոլար արժեցող ՝ նվեր ստացած մեքենաները:

Մինչդեռ Սևանի փրկությունը հայրենի կառավարության վրա շատ ավելի էժան կարող էր նստել, քան նոր, «տյունինգ» արած մեքենաները: Օրինակ, կրճատելով ծառայողական ավտոպարկում գտնվող վերջին դասի մերսեդեսների թիվը, հնարավոր է ձեռք բերել տեխնիկա, որը կարող է լուծել Սևանի խնդիրը թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ հեռանկարում, քանի որ հասկանալի է՝ հաջորդ տարի մենք կրկին կարող ենք բախվել նման խնդրի, հաշվի առնելով, որ ոչ Սևանի մոտակայքում գործող և Սևանը կոյուղու վերածած օբյեկտներն են փակվելու, ոչ էլ ոսկու հանքերը: Խոսքը ՝ Head Dredging Heavy Industry Co-ի արտադրած և շուկայում լայն պահանջարկ վայելող ՝ լճերի և գետերի մաքրման համար նախատեսված՝  Aquarius weed harvester տիպի  սարքերի մասին է, որոնց շուկայական գինը սկսվում է 70 հազար դոլլարից՝ չնչին գումար, եթե հաշվի առնենք այն խնդրի մասշտաբները, որը այս սարքը ունակ է լուծել:

 Առնվազն երեք նման սարքի առկայությունը կարող է փրկել Սևանը, մինչդեռ մեր պաշտոնյաները մերժելով հին Հայաստանի բարքերը, միևնույն ժամանակ նրանց ամբիցիաները չեն ներում՝ ազատվել պադավատիզմի սուրբ ավանդույթից: Նրանք պատրաստ են բյուջեի վերջին կոպեկն էլ տրամադրել ճոխ ու պլպլան պադավատներ գնելու համար, իսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող տեխնիկայի համար բյուջեում գումար չի գտնվում: Փաստորեն յուրաքանչյուր լուման արդյունավետ ծախսելու մասին վարչապետի և իր թիմի հայտարարությունները ընդամենը ջուր էին, բյուջեի գումարներն էլ նպատակային ծախսվելու փոխարեն շարունակում են ջուրը թափվել…

iPRESS.am

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։