ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Նպաստառու ընտանիքներին անվճար դեղորայք կտրամադրվի

Նպաստառու ընտանիքներին անվճար դեղորայք կտրամադրվի

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հուլիսի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված քաղաքացիները պոլիկլինիկաներից կստանան նաև անվճար դեղորայք։ Շահառուների ցանկում ընդգրկված քաղաքացիները սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և 30,01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներն են:

Նոր կարգով ակնկալվում է թեթևացնել նաև հիվանդանոցների ծանրաբեռնվածությունն ու մեծացնել պոլիկլինիկաների դերը: Առողջապահության նախարարության տվյալներով` անվճար դեղորայքից կօգտվի մոտ 200 հազար քաղաքացի:

Պոլիկլինիկաների դեղապահարաններում ու հատուկ սառնարաններում պահվող դեղորայքը մշտապես անվճար բաժանվում է շաքարային դիաբետով, էպիլեպսիայով, պարբերական հիվանդությամբ ու հաշմանդամության առաջին, երկրորդ կարգ ունեցող անձանց, ովքեր ամսական մեկ կամ երկու անգամ դեղատոմսով, հատուկ կարգով, ստանում են համապատասխան չափաքանակը:

Յուրաքանչյուր տեսակի դեղորայքի համար ամբուլատորիաների դեղատներում կան բացված հատուկ մատյաններ, որտեղ դեղագետը պարտադիր գրանցում է տրամադրված դեղորայքը, իսկ բոլոր դեղատոմսերը պահվում են որպես ստացական-փաստաթուղթ:

Արտոնություն ունեցող բոլոր  խմբերին հուլիսի մեկից ավելացել են նաև «Ընտանեկան նպաստ» համակարգում ընդգրկված ու նվազագույնը 30,01 բալային միավոր ունեցող ընտանիքները: Նրանք ևս օգտվելու են անվճար դեղորայքից:

«Քաղաքացին պոլիկլինիկա պետք է ներկայացնի  նպաստառու լինելու մասին տեղեկանք, պոլիկլինիկայում արդեն տեղեկանքի հիման վրա բժիշկը համապատասխան դեղատոմսը դուրս կգրի և քաղաքացին տվյալ պոլիկլինիկայի դեղատնից կամ այն դեղատնից, որի հետ ունի պայմանագիր, կգնա, դեղատոմսով կստանա դեղորայքը»,- նոր կարգի մանրամասներն է մեկնաբանում ՇՄ-ի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Մովսիսյանը։

Անվճարների ցանկում կա 400-ից ավելի անուն դեղորայք: Դրանց կարիքն ունեցող նպաստառուներին անհրաժեշտ դեղորայքը  տրամադրելու համար հետազոտությունը պոլիկլինիկայում պարտադիր է, իսկ ընտանեկան բժշկի տված դեղատոմսն էլ պարտադիր պետք է ներկայացնել դեղատներին:

«Գնային սահմանափակումներ չկան, եթե իրեն ցուցված է այդ դեղը և կա մեր հիմնական դեղերի ցանկում, ապա բնակչին այն կտրամադրվի  անվճար»,- ասում է Գյումրիի Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Արմինե Կնյազյանը։

«Ընտանիքի բոլոր անդամները, ովքեր հաշվառված են, նպաստառուներ են, բոլորը կարող են անվճար դեղորայք ստանալու արտոնությունից օգտվեն»,- ասում է Լուսինե Մովսիսյանը:

Իսկ սահմանած նոր արտոնությունները ի՞նչ բացառություններ ունեն, կամ արդյո՞ք նպաստառու ընտանիքի անդամները կարող են օգտվել անվճար դեղորայքից, եթե հետազոտվել են հիվանդանոցում կամ դեղորայքային բուժումը նշանակել է այլ մասնագետ: Պարզվում է` նման դեպքերում էլ ելք կա:

«Եթե կան այնպիսի հետազոտություններ կամ այնպիսի նեղ մասնագետների խորհրդատվություն, որը տվյալ պոլիկլինիկան չունի, այդ դեպքում միայն այլ հաստատությունների կատարած հետազոտությունների, այլ մասնագետների կատարած բժշկական  ցուցումների հիման վրա պոլիկլինիկան դեղորայքը կտրամադրի»,- պարզաբանում է Լուսինե Մովսիսյանը։

Որոշումն ուժի մեջ է հուլիսի 1-ից, բայց պոլիկլինիկա դեռ դիմողներ չկան: Բժիշկների կարծիքով` պատճառը տեղեկացված չլինելն է: Մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչությունը նոր կարգին պատրաստվում է ծանոթացնել նաև առաջնային բուժսպասարկման օղակին, իսկ վերջիններս էլ իրենց այցելուներին:

Անվճար տրամադրվող դեղերի ցանկում ավելացել են նաև հեպատիտ C-ի բուժման համար անհրաժեշտ դեղորայքը և հիպոֆիզային գաճաճության համախտանիշ ունեցողներին անհրաժեշտ հորմոնները, բայց երկու թանկարժեք դեղորայքը հիվանդներին կտրամադրվի 2020 թվականից:

Աղբյուրը՝ shantnews.am

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։