ՔԱՂԱՔԱԿԱՆ > Նվեր Սերժ Սարգսյանին. խայտառակության վերջին ակորդը

Նվեր Սերժ Սարգսյանին. խայտառակության վերջին ակորդը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Լազարեւսկի կոմիտեի համակարգող Կոնստանտին Զատուլինը դժգոհում է, թե հայ-ռուսական գործընկերային հարաբերությունը տուժում է Նիկոլ Փաշինյանի թիմի ոչ կոմպետենտությունից՝ որը վնաս է հասցրել ՀԱՊԿ-ում հայ-ռուսական փոխըմբռնմանը, տուժում է ռուսական ընկերությունների հայաստանյան գործունեության քննությունից, տուժում է Ռոբերտ Քոչարյանի հետ «հաշիվներ մաքրելուց» եւ այլն:

Կոնստանտին Զատուլինը հայ-ռուսական գործընկերություն ասելով թերեւս նկատի ունի իրեն: Այսինքն, Զատուլինն իրեն ասոցացնում է հայ-ռուսական գործընկերության հետ: Իսկ Զատուլինը Հայաստանում կատարվող փոփոխությունից իսկապես տուժում է, որովհետեւ այդ փոփոխության խորքային եւ ամբողջական ընթացքի պարագայում «զատուլինյան գործոնը» կասոցացվի արդեն ոչ թե հայ-ռուսական գործընկերության, այլ «արտադրական թափոնի» հետ:

Օրինակ, երբ Կոնստանտին Զատուլինը նախագահ դառնալ պատրաստվող Սերժ Սարգսյանին Մոսկվայում խաղատնային «ռուլետկա» էր նվիրում, տուժու՞մ էր հայ-ռուսական գործընկերությունն այդ վարքագծից, թե՞ շահում:

Կամ, երբ ՀԱՊԿ-ում ու ԵՏՄ-ում Հայաստանին հրապարակավ նվաստացնում էին, դրանից ՀԱՊԿ վարկը չէր տուժում, իսկ Հայաստանի՝ իր շահի եւ իրավունքի, իր արժանապատվության պաշտպանությունից տուժու՞մ է:

Բայց, Զատուլինի դեպքում այդ հարցադրումներն անիմաստ են: Նա ինքը հիանալի գիտե այդ ամենի պատասխանն ու կարող է հայերի փոխարեն լավագույնս շարադրել այդ հարցերն իր առաջ: Զատուլինին մտահոգում է իր ճակատագիրը, իր դերն ու նշանակությունը, ոչ թե հայ-ռուսական գործընկերությունը:

Բանն այն է, որ Զատուլինն ու այն տնտեսա-քաղաքական շրջանակները, որոնք «մտահոգված» են Հայաստանի նոր իրողություններով, Հայաստանի վերափոխման պարագայում այլեւս անկարող են լինելու բազմավեկտոր խաղալ «հայամետության» վրա: Նրանք ընդհանրապես դուրս են մնալու հայաստանյան խաղից: Իսկ այդ խաղը անգամ նախկին կոռումպացված իշխող համակարգի պարագայում է եղել նշանակալի թե ռեգիոնալ, թե Ռուսաստանի մասշտաբով: Հայաստանի աշխարհքաղաքական դերն առավել մեծանալու է այդ եւ ավելի լայն մասշտաբում, ակնառու են դրա միտումները եւ ազդակները:

Զատուլինը կարող է փրկվել միայն հինը պահպանելու կամ վերականգնելու դեպքում, որովհետեւ հայ-ռուսական իրական գործընկերության եւ միջպետական հարաբերության պայմաններում այդ տնտեսա-քաղաքական շրջանակները դառնալու են անպետք: Միաժամանակ, նրանք զգում են նաեւ, որ աստիճանաբար դուրս են գրվելու Ռուսաստանում էլ:

ՌԴ նախագահ Պուտինը Ֆայնենշլ Թայմս պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով իր ժառանգորդի վերաբերյալ հարցին, ասել է, որ մտածում է դրա մասին հենց սկզբից, բայց նաեւ համոզված է, որ իր ժառանգորդին պետք է ընտրի ռուս ժողովուրդը: Սա լոկ ֆորմալ ժողովրդավարական քնարերգություն չէ, այլ Ռուսաստանի հանրության շրջանակում ծավալված խորքային տեկտոնական շարժերի արձանագրում:

Պուտինն արձանագրում է, որ իշխող համակարգում չունի ժառանգորդ, ժառանգորդի պետք է «ընտրի» ժողովուրդը: Իսկ Զատուլինը կարող է մտածել, որ եթե Հայաստանում ընտրեց ժողովուրդը՝ Պուտինի լիակատար լոյալության պայմաններում, ապա կարո՞ղ է արդյոք ՌԴ նախագահը դիտարկել այդ տարբերակը Մոսկվայում, երբ ժողովուրդը կպարտադրի Պուտինին հեռանալ՝ իսկ նրա հետ միասին ամբողջ համակարգը:

Եվ, եթե Հայաստանում հեռացածները կարող են դիմել ռուսաստանցի Զատուլինի օգնությանը, ապա ու՞մ դիմի Զատուլինը օգնության համար, գուցե Էրդողանին ու Ալիեւին: Նրանք իհարկե պարտավոր կլինեն, քանի որ Զատուլինը ներկայում ջանում է նաեւ նրանց համար: Բայց ամբողջ հարցն այն է, որ ոչ այնքան հեռու ապագայում Էրդողանին ու Ալիեւին է պետք լինելու օգնություն:

Նյութի աղբյուրը՝ lragir.am

-.-