ԿՐԹՈւԹՅՈւՆ > Ժամանակն է հեղափոխել ավագ դպրոցը

Ժամանակն է հեղափոխել ավագ դպրոցը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում
Երբ գալիս է ուսումնական տարվա վերջը, ցանկություն է առաջանում հայացքը կտրել առօրյա եռուզեռից եւ մտածել ավելի հիմնարար հարցերի շուրջ։ Կրթական համակարգը խորը փոփոխությունների կարիք ունի։ Փորձենք մտորել, թե ինչ ուղղությամբ պետք է ընթանան դրանք։Այսօր շատ է խոսվում, որ ավագ դպրոցները կիսադատարկ են, աշակերտները չեն ցանկանում սովորել, ծնողները նախընտրում են երեխաներին ուղարկել կրկնուսույցների մոտ եւ իմաստ չեն տեսնում իրենց երեխաների դպրոց գնալու մեջ։

Դրան ընդդիմանալու համար կիրառվում է դասական կառավարչական մոտեցում՝ պարտադրանք։ Հսկիչ մարմինները պետք է համոզվեն, որ աշակերտները հաճախում են դպրոց, ընդհուպ մինչեւ անակնկալ ստուգումներ իրականացնելը։ Որոշ քանակի դասաժամերին բացակայելու դեպքում աշակերտը պարտավոր է կրկնել տարին, անկախ գիտելիքների մակարդակից։ Սա լուծում չէ, սա նման է հիվանդ մարդուն պատժելուն ջերմելու համար։

Լուծումն ավագ դպրոցի կրթությունը իմաստավորելու եւ արժեւորելու մեջ է։ Իսկ դրա համար, կարծում եմ, պետք է կիրառվի երկու իրար լրացնող սկզբունք՝

1. Աշակերտը պետք է արժանանա ավագ դպրոցում սովորելու իրավունքին:

2. Ավագ դպրոցը պետք է կազմակերպի աշակերտի աշխատանքը այնպես, որպեսզի նա գիտակցի եւ զգա դպրոցի արժեքը:

Եթե այս բաղադրիչներից որեւէ մեկը բացակայում է, արդյունք չի լինի։ Ձեւական կրթությունը առանց արդյունքի միայն կործանում է մարդուն։

Եթե այս երկու նախադրյալները կան, այսինքն՝ աշակերտը պատրաստ է սովորել, իսկ դպրոցը պատրաստ է ամեն կերպ պիտանի լինել աշակերտին, կարելի է կատարել հաջորդ տրամաբանական քայլը եւ տալ հետեւյալ երկու հարցերը՝ իսկ ո՞րն է աշակերտի եւ դպրոցի լավագույն հարաբերվելու միջոցը, եւ ո՞րն է այդ հարաբերությունների նպատակը։

Տամ իմ պատասխանը։ Կարծում եմ, որ հարաբերությունների լավագույն տեսակը համագործակցությունն է։ Իսկ այդ համագործակցության նպատակը պետք է լինի անհրաժեշտ մարդկային հատկանիշներ, գիտելիքներ եւ հմտություններ ունեցող ինքնուրույն սովորող մարդու ձեւավորումը։ Եթե այս մտքի հետ համաձայն չէք, մի կարդացեք շարունակությունը։

Եկեք որոշենք, թե ինչպես ենք մենք ձեւավորում ինքնուրույն սովորող անձնավորություն։ Առաջինը՝ որքան շուտ աշակերտը սովորի ինքնուրույն սովորել, այնքան լավ, քանի որ այնքան ավելի հմուտ կլինի ինքնուրույնության մեջ։ Իսկ ի՞նչ է պետք ինքնուրույնության համար, բացի առանց աջակցության աշխատելու հմտությունից։ Մեկ այլ  կարեւոր հատկանիշ՝ պատասխանատվություն։ Իսկ պատասխանատվությունը ձեւավորվում է դարձյալ ինքնուրույնության եւ ազատության միջավայրում։ Հնարավոր չէ պատասխանատվություն այնտեղ, որտեղ կա պարտադրանք։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը՝ ինչպե՞ս ենք մենք ենթադրում պատասխանատու մարդ ձեւավորել, անընդհատ պարտադրելով նրան այլոց կողմից հստակ սահմանված դպրոցական առօրյան։ Ինչպե՞ս է կարելի ենթադրել, որ մենք ինքնուրույն սովորելու մշակույթ պիտի ձեւավորենք, պարտադրելով աշակերտին հաճախել դասերը անկախ նրանից, օգնում են դրանք իրեն, թե անիմաստ ժամանակ են խլում։

Տարակուսանք է առաջանում նրանից, որ մենք մի բան ենք ցանկանում անել, բայց մեր քայլերը բացարձակ այլ ուղով են տանում։ Զարմանալի չէ, որ աշակերտները ըմբոստանում են։ Զարմանալի չէ, որ չեն ցանկանում դպրոց գալ։

Աշակերտը դպրոցում ունի պարզ անելիք՝ նա պիտի աշխատի, որպեսզի ձեռք բերի որոշ ծավալի գիտելիքներ եւ հմտություններ։ Այդ աշխատանքի մի մասը նա կատարում է ուսուցչի աջակցության ներքո, մեկ այլ մասը՝ ինքնուրույն։ Մենք վաղուց մոռացված պատճառներով որոշել ենք այդ աջակցությունը կոչել «դաս», իսկ ինքնուրույն մասը՝ «տնային»։ Եվ որոշել ենք, որ բոլոր աշակերտներին հասնում է մոտավորապես նույն քանակի աջակցություն, եւ նույն քանակի ինքնուրույն աշխատանք, առանց երեխայի կարիքները եւ առանձնահատկությունները հաշվի առնելու։ Այդ համոզմունքը մի փոքր սասանել են ներառական կրթության մարտահրավերները, սակայն ներառականությունն էլ տարօրինակ կերպով ընկալվում է միայն որպես խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ կրթություն։ Այնինչ երեխաների մեծամասնությունը խնդիր ունի հենց մեր հիմնական կրթական մոտեցումների հետ։

Խորապես համոզված եմ, որ դպրոցի երեխաներին պետք է հնարավորինս տանել  դեպի ինքնուրույն աշխատանք։ Եթե 12-րդ դասարանում աշակերտը դեռ ստիպված է հաճախել բոլոր դասերին, որպեսզի իրականացնի իր ուսումը, նշանակում է՝ դպրոցը տապալել է իր գործը։ Ավարտական դասարանում աշակերտը պետք է ուսուցչական աջակցության շատ փոքր կարիք ունենա։ Նա պետք է կարողանա ինքնուրույն կազմակերպել այդ աջակցությունը ստանալը, այլ ոչ թե հույսը դնի համակարգի վրա։ Կարծում եմ, որ ավագ դպրոցի ուսուցչի աշխատանքի զգալի մասը պետք է լինի ուղղորդում, այլ ոչ թե «դաս բացատրել» կամ «դաս անել»։ Համացանցում այնքա՜ն բացատրություններ կան, տարատեսակ եւ լավ շարադրված։ Ինչո՞ւ պիտի աշակերտը ապավինի իր ուսուցչին ամեն հարցում։

Մեր կրթական համակարգի խնդիրները գալիս են իրական խնդիրները անտեսելուց։ Ուսուցիչները ընկած են դասաժամերի ետեւից, իրենց մտահոգում են փոփոխությունները, քանի որ դրանք կարող են նվազեցնել իրենց եկամուտները։ Տնօրեններին ավելի մտահոգում է շենքի տանիքը, քան այդ տանիքի ներքո իրականացվող կրթությունը։ Բոլորս ընկած ենք մեր գործերով, իսկ տուժում են երեխաները։ Ժամանակն է թոթափել հնից եկած մոտեցումները, թարմ հայացքով անդրադառնալ մեր անելիքներին եւ առաջնորդվել ճշմարիտ նպատակներով, որքան էլ դրանք բարդ եւ դժվար իրականանալի թվան։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը: 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։