ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Արթուրը կխոսի, կպատմի՝ ինչ է կատարվել. մանրամասներ հայ ուսանողի՝ պատուհանից նետվելու դեպքի մասին

Արթուրը կխոսի, կպատմի՝ ինչ է կատարվել. մանրամասներ հայ ուսանողի՝ պատուհանից նետվելու դեպքի մասին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Խարկով քաղաքում հայ ուսանող Արթուր Մարտիրոսյանի առողջական վիճակում դրական միտում կա: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը: Նա նաև ասաց՝ տեղի ունեցածը լրատվամիջոցները փորձում են ներկայացնել իբրև ազգամիջյան խնդիր, սակայն հնարավոր է՝ շտապում են:

Դեպքը, ըստ Հարությունյանի, տեղի է ունեցել օրեր առաջ՝ հունիսի 11-12-ին: Արթուրը հիվանդանոցում է եղել, բայց լրատվամիջոցներին չեն դիմել: Խարկովի լրատվական կայքերում նորություն է եղել, թե մի տղա հանրակացարանի 6-րդ հարկից ցած է նետվել, ուրիշ ոչինչ չի եղել:

«Դա, իրականում, ոչ այնքան ճիշտ տեղեկություն է, քանի որ այնտեղ եղել են նաև դերակատարում ունեցած այլ անձինք, ովքեր Արթուրին միջոցառման են հրավիրել, միասին նստել են, հետո սենյակում ինչ-որ կոնֆլիկտ է բռնկվել, սկսել են նրան ծեծել, ապա հրել են այնպես, որ նա ընկել է պատուհանից: Բարեբախտաբար, Արթուրը ողջ է մնացել, այժմ ամեն ինչ կարգին է: Նա հիմա հիվանդանոցում է, կոնքային հատվածի կոտրվածք է ստացել, գլխին կարեր են դրվել»,- ասաց նա:

Հարությունյանն ասաց, որ Արթուրի հայրը նրա կողքին է, իրենց միությունը կապի մեջ է, օգնում են՝ ինչով հնարավոր է, իսկ դեպքի մասին նորությունները երեկվանից են հայտնվել լրահոսում: Ըստ միության գործադիր տնօրենի՝ այստեղ կարևոր է հարցին ազգամիջյան երանգ չտալ, քանի որ ԶԼՄ-ները հենվում են հոր խոսքերի վրա, որը գուցե նույնպես ամբողջությամբ տեղեկացված չէ:

«Կոչ ենք անում նման բան չանել: Գուցե այստեղ ազգային խնդիր չկա, ու մենք սխալ տեղեկություններ ենք տարածում: Մեր տղաները հիմա այնտեղ են, Արթուրը կարող է խոսել, նա կխոսի այսօր, մենք տեղեկությունը կփոխանցենք լրատվամիջոցներին»,- տեղեկացրեց նա:

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Արթուր Մարտիրոսյանն Ուկրաինայի քաղաքացի է, և  իրավապահները զբաղվում են այս հարցով։

Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի հետ զրույցն ամբողջությամբ կներկայացնենք ավելի ուշ:
-.-