ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > «Ես հեգնանքով եմ ասել, որ 1 կգ երկաթն ավելի ծանր է». Հայկուհի Մաթևոսյանը` սկանդալային հարցազրույցի և «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի հետ հարաբերությունների մասին

«Ես հեգնանքով եմ ասել, որ 1 կգ երկաթն ավելի ծանր է». Հայկուհի Մաթևոսյանը` սկանդալային հարցազրույցի և «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի հետ հարաբերությունների մասին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Հայաստանի գեղեցկուհի» մրցույթում հաղթած Հայկուհի Մաթևոսյանն այս օրերին քննարկումների կենտրոնում է. հանրությունը քննարկում է նրա գեղեցկությունը, սակայն առաջին անգամ չէ, որ նա հայտնվում է քննադատությունների թիրախում։ Նա Գոհար Հարությունյանի կազմակերպած «Միսս Արմենիա» մրցույթի մասնակիցներից էր և Արուսիկ Տիգրանյանի պատրաստած հումորային ռեպորտաժում, որտեղ լրագրողը մոդելներին հարցրել էր` «1 կգ երկա՞թն է ծանր, թե՞ 1 կգ բամբակը», պատասխանել էր` երկաթը։

Tert.am Lifeի հետ զրույցում Հայկուհին վստահեցրեց, որ այն ժամանակ կատակել է։ «Երբ այդ հարցը հնչեց, ես հեգնանքով պատասխանեցի, փորձեցի հումորային պատասխան տալ` ասելով  երկաթը։ Երբ առաջին անգամ տեսա տեսանյութը, ես էլ, ընկերներս էլ ծիծաղեցինք։ Մտածեցինք` հումոր է, կանցնի, կգնա։ Ես ապշած եմ, թե ինչ մեծ արձագանք գտավ և ինչ լուրջ մոտեցան այդ հումորային տեսանյութին։ Երևի, մարդկանց նման բան է պետք, որ նստեմ,  քննադատեն»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ ինքն ասում է, որ հումորով է պատասխանել, սակայն իր խոսքով հումորային շարունակություն, որպես այդպիսին, չի ունեցել, գուցե իրականում շփոթվե՞լ է, պատասխանեց. «Դա իմ կողմից եղել է հումորային պատասխան։  Եթե անգամ այդպես չլիներ, կարծում եմ` յուրաքանչյուր ոք կարող է նման սխալներ թույլ տալ և իրավունք ունի սխալվելու տեսախցիկի առաջ։ Դա առիթ չէ, որ ամբողջ հայ ազգը քննադատի այդ մարդուն։ Ես այդ ժամանակ 17 տարեկան էի և ամեն մեկնաբանություն շատ ծանր էի տանում։ Ընտանիքիս անդամներն էլ էին շատ վրդովվում։ Թեև աջակցում էին ինձ, ասում էին, որ կմոռացվի, իրենց էլ էի ցավ պատճառում  իմ այդ վիճակով»,– նկատեց Հայկուհին։

Գոհարի կազմակերպած մրցույթին մասնակցելուց հետո Հայկուհին հարցազրույցներից մեկում նշել էր, որ ավելի բարձր տեղի էր արժանի, թեև ընդգրկվեց միայն լավագույն տասնյակում. «Այդ մրցույթում սպասելիքներս ավելին էին։ Այս անգամ չէի մտածում, որ կհաղթեմ, իսկ այն ժամանակ 17 տարեկան էի և գերնպատակս հաղթելն էր։ Ինձ համար անսպասելի էր, որ միայն տասնյակ անցա։

Կարծում եմ` կարող էի գոնե հնգյակում լինել։ Գուցե, ժյուրին ճիշտ չգտավ ինձ տեսնել հնգյակում։ Կարող է իմ կարծիքն է, որ ես արժանի էի, պարզապես պրոֆեսիոնալ մարդկանց կողմից էլ եմ շատ լսել, որ ավելիին էի արժանի։ Այդ մրցույթում լավ ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ շփումն ինձ հաճելի էր»։

Անդրադառնալով այդ մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանին` Հայկուհին ասաց, որ նրա հաղթանակը չի վիճարկում։ Մամիկոն Դանիելյանի կազմակերպած մրցույթում իր հաղթանակն էլ նախորդի պատասխանը չի համարում։

«Լիլին շատ լավ աղջիկ է, երբեք կոնֆլիկտ չենք ունեցել։ Ես շատ ուրախ եմ, որ նա կրում է «Միսս Արմենիա 2017» տիտղոսը։ Ես չէ, որ պետք է համաձայն լինեմ իր հաղթանակի հետ կամ ոչ։  Իմ կողմից դա ոչ ադեկվատ, ոչ պրոֆեսիոնալ պատասխան կլինի, եթե նրան ընտրել է պրոֆեսիոնալ ժյուրին։ Դա նույնն է, որ հիմա ինչ–որ մեկն ասի` ես համաձայն չեմ Հայկուհու հաղթանակի հետ։ Նա չէ, որ պետք է որոշի` ես արժանի՞ եմ, թե՞ ոչ։ Ինձ ընտրել է պրոֆեսիոնալ ժյուրին, ուրեմն` ես արժանի եմ»,– ասաց «Հայաստանի գեղեցկուհի» մրցույթի տիտղոսակիրը։

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։