Բանակ > «Ինձ կթաղեք Ստալինայի կողքին». այսօր ռազմական բուժքույրերի օրն է

«Ինձ կթաղեք Ստալինայի կողքին». այսօր ռազմական բուժքույրերի օրն է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես Բուժքույրերի օր: Արցախյան պատերազմին մասնակցել են հարյուրավոր հայ կանայք: Ոմանք զոհվել են մարտի դաշտում, ոմանք վերադարձել ու ապրում մեր կողքին: Նրանց կռիվը, պատմություններն ու անունները, սակայն, շատերիս է դեռ անհայտ:

Ասրյան Ստալինա Խորենի, ծնվել է 1973 թ. սեպտեմբերի 11-ին, Բաքու քաղաքում, 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում: Մի կերպ փրկվելով 1990թ. Բաքվի հունվարյան հայկական ջարդերից` ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ: Սումգայիթից հասնող անհավատալի դաժանության մասին լուրերը գերազանցում էին ամեն երևակայություն, եւ Ստալինան, 1989 թվականին Բաքվից արձակուրդ գալով Ստեփանակերտում բնակվող քրոջ մոտ, այլեւս հրաժարվեց վերադառնալ: Ծնողներն ինչ-որ բանի հետ հույս էին կապում՝ դժվար էր հրաժարվել տարիների ընթացքում ձեռք բերածից, սակայն, 1990 թվականի հունվարին, ծանոթների միջոցով, հազիվ մեկ ճամպրուկով, կարողացան նստել ինքնաթիռ և փրկվել: Սովորել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի բուժակների ֆակուլտետում և միաժամանակ աշխատել զինվորական հոսպիտալում:

Մի օր էլ ուսումնարան եկավ հերոս Ասկոլկան՝Բեկորը (Աշոտ Ղուլյան) և ասաց, որ աղջիկներ են պետք՝ որպես բուժքույրեր: Ստալինան առանց տատանվելու տվեց իր համաձայնությունը: Սկզբում գնաց հիվանդանոց՝ օգնելու և փորձ ձեռք բերելու, ապա՝ ծնողներից գաղտնի, սկսեց հաճախել բուժքույրական դասերի: Չնայած ծնողները կամավոր դոնոր էին դարձել և արյուն էին տալիս վիրավոր ազատամարտիկներին, բայց չէին կարողանում համակերպվել իրենց փոքրիկ, թվում էր, թե անօգնական, աղջնակի՝ ճակատ մեկնելու մտքի հետ:

Սակայն Ստալինայի որոշումը հաստատ էր: Նա այդ որոշումը կայացրել էր դեռեւս Բաքվում, երբ Սումգայիթից հայերի կոտորածների լուրերն էին հասնում, երբ դեռ կարդում էր հայոց պատմության գրքերն ու թաքուն արտասվում: Բուժքույրական դասերն ավարտելով՝ մեկնեց ճակատ: Միաժամանակ ընդունվեց բժշկական ուսումնարան: Ստալինան դարձավ Սամվել Հարությունյանի հրամանատարությամբ կազմավորված Կենտրոնական պաշտպանական շրջանի երրորդ գումարտակի բուժքույրը:

1992 թվականի սեպտեմբերն էր: Գումարտակն անցավ մարտական հանձնարարությունների կատարմանը՝ Դրմբոն, Չլդրան, Գյուլաթաղ, Վաղուհաս, Մանիքլու, Սեյսուլան, Ումուդլու, Ջանյաթաղ, Մաղավուզ, Հարությունագոմեր, Սարսանգ, Չափար, Տոնաշեն, Կուսապատ, Կիչան, Կճողուտ, Շուշիի շրջան, Լաչին… 1992 թվականի հոկտեմբերի 17-ին Մարտակերտի շրջանի Կճողուտ գյուղի համար մղվող մարտերում Ստալինան վիրավորվեց: Չսպիացած վերքով մնաց շարքերում:

1992 թվականի հոկտեմբերի 30-ին կրկին վիրավորվեց ծանր և ստիպված եղավ ապաքինվել Դրմբոնի զինվորական հիվանդանոցում: Ապաքինվելուց հետո նորից շարք մտավ, զինակից ընկերները սպասում էին նրան անհամբեր: Նրան այլևս ոչինչ չէր կարող հետ պահել պատերազմից: Նա, ապրած լինելով Բաքվում, ճանաչում էր թշնամուն և ատում էր: Այդ մեծ ատելությունն ուժ էր տալիս, առաջնորդում վրիժառության՝ Սումգայիթում, Բաքվում եւ այլ վայրերում մորթված անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:

Վերջին կռվից առաջ Ստալինային հրամանատարությունը թողեց թիկունքում, սակայն նա չկարողացավ այնտեղ մնալ: Հաջորդ օրը գումարտակը պետք է գրոհի անցներ: Դուրս եկավ ճանապարհ, պատահական մեքենայով եկավ հասավ ընկերներին: Հրամանատարը խիստ զայրացավ՝ հրամանը չկատարելու համար: Սակայն նրանք այդպես էլ չկարողացան մասնակցել հաջորդ օրվա մարտին: 1993 թվականի մարտի 20-ին, Հակոբ Կամարի գյուղի մոտակայքում, հրամանատարական մեքենան, որի մեջ հինգ հոգի էին, պայթեց ականի վրա: Մեծ սուգ էր գումարտակում:

Միանգամից կորցրին և իրենց սիրելի հրամանատարին և բուժքրոջը, ում հետ երկար ու տառապալից ճանապարհ էին անցել: Գումարտակի տղաներից Սասունը սիրահարված էր Ստալինային: Ցավոք Սասունը ևս զոհվեց անհավասար մարտերում: Ստալինային հողին հանձնելուց հետո Սասունն ասաց. «Եթե ես էլ զոհվեմ, ինձ կթաղեք Ստալինայի կողքին»:

Կարծես զգում էր: Շուտով նա էլ զոհվեց, եւ զինակից ընկերները կատարեցին նրա վերջին խնդրանքը:

Ասրյան Ստալինան հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Արիության համար» եւ«Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալներով: Ամուսնացած չէր:

Ստալինայի շիրիմը հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում:

Նարի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Արցախյան պատերազմի նահատակ հայուհիներ
Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։