ՀՐԱՏԱՊ > Մահվան ելքով վրաերթ`Մյասնիկյան պողոտայում

Մահվան ելքով վրաերթ`Մյասնիկյան պողոտայում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Արդեն մեկ ժամից ավելի է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում:

Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ մահվան ելքով վրարերթ է տեղի ունեցել, ու վրաերթի հարևանությամբ բնակվող քաղաքացիները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը:

Բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում այնուհետև՝ ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկել Renault մակնիշի 35 GL 428 համարանիշի ավտոմեքենան:

Հետիոտնը, ով բնակվում է նշված փողոցում, տեղում մահացել է, ինչի համար էլ բնակիչները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի Երևանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի: Իսկ խոստումն այն է, որ նշված վայրում պետք է կառուցվի վերգետնյա անցում:

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:

Բնակիչները հրաժարվում էին ճանապարհը բացել, սակայն ընդառաջելով բաժնի պետ Ա. Պապյանին, ճանապարհի մի հատված ժամանակավորապես բացեցին:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բրիգադը, և բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում Renault-ի վարորդին:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում է նաև «Վարորդի ընկեր» հասրակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը, որը նշեց, որ ինքը մի քանի անգամ իրենց կազմակերպության անունից դիմել է Երևանի քաղաքապետարան, որպեզի Մյասնիկյան պողոտայում 3 հատ՝ այդ թվում նշված վայրում, վերգետնյա անցումներ կառուցեն, սակայն լինում է այն, ինչպես միշտ լինում է նման ողբերգական դեպքերի ժամանակ. պատկան մարմինները գալիս են, բնակիչների ականջներին «լապշա» են կախում ու թողնում, գնում են:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։