ՄՇԱԿՈւՅԹ > Կարինե Կիրակոսյանը Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնը կզբաղեցնի 6 ամսով, իսկ Կ. Օրբելյանին վերանշանակել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում

Կարինե Կիրակոսյանը Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնը կզբաղեցնի 6 ամսով, իսկ Կ. Օրբելյանին վերանշանակել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցիչների կողմից տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված փաստարկների մասով իրավաբանորեն հիմնավորված 12 հակափաստարկ է ներկայացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Սրա վերաբերյալ մինչև օրս դեռևս որևէ պատասխան չի տրվել Օպերայի անձնակազմին: Այս մասին Tert.amի հարցմանն ի պատասխան նշեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից:

Հիշեցնենք, որ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրած Օպերայի թատրոնի ներկայացուցիչներին վարչապետ Փաշինյանը հանդիպման ժամանակ հանձնարարել էր ներկայացնել հակափաստարկներ Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հարցով Մշակույթի նախարարության ներկայացրած փաստարկների վերաբերյալ:

Հիշեցնենք նաև, որ նույն հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես պետք է կատարի թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանի և Մշակույթի նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ տնօրենի պաշտոնում Կ. Կիրակոսյանը պետք է պաշտոնավարի 6 ամիս ժամկետով:

Հարցին՝ արդյոք Կ. Օրբելյանը շարունակում է կատարել գեղարվեստական ղեկավարի իր պարտականությունները, թատրոնից պատասխանեցին՝ «Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանի համապատասխան հրամանի համաձայն՝ Կ. Օրբելյանը զբաղեցնում է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը՝ լրիվ դրույքով ու անժամկետ»:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։