ՄՇԱԿՈւՅԹ > Կնվիրվի Մայիսյան եռատոնին. Մայիսի 11-ին ԵԿ ԱՐՑԱԽ՝ ժենգյալով հացը համտեսելու

Կնվիրվի Մայիսյան եռատոնին. Մայիսի 11-ին ԵԿ ԱՐՑԱԽ՝ ժենգյալով հացը համտեսելու

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մայիսի 11 -ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում կազմակերպվելու է ժենգյալով հացի ամենամյա 2-րդ փառատոնը: Մոտ 1 ժամ 30 րոպեում Արցախի ժենգյալով հացի վարպետ կանայք պատրաստելու են 20 կգ 885 գրամ քաշով և 3 մետր երկարությամբ ու 73սմ լայնությամբ ժենգյալով հաց:

Անցած տարվա դեկտեմբերին Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում արդեն պատրաստվել է ամենամեծ ժենգյալով հացը, որը գրանցվել է Հայկական դյուցազնագրքում։ Այս անգամ գործի վարպետները կրկնելու են իրենց սեփական ռեկորդը՝ հավակնելով հիմա էլ գրանցվել Գինեսի գրքում։

Ամենամեծ ժենգյալով հացը կպատրաստեն Հադրութից ժամանած մասնագետները։ Նրանց կմիանան խոհարարներ Արցախի շրջաններից ու Հաթերքից։ Միասնական ուժերով թխված ժենգյալով հացը կկոչվի «Հաղթանակ» և կնվիրվի Մայիսյան եռատոնին:

Այն պատրաստելու համար օգտագործվելու է 26 կանաչու տեսակ, որոնք աճում են միայն Արցախում: Անհավանական չափերի ժենգյալով հացը կպատրաստվի իր չափերին համապատասխանող մեծ երկաթե սաջի վրա: Հատուկ հանձնաժողովի կողմից կատարվելու է ռեկորդի գրանցման արձանագրությաուն:

«Արցախի Հանրապետության յուրաքանչյուր շրջան փառատոնին ներկայանալու է արցախյան ամենաճանաչված ուտեստի՝ ժենգյալով հացի պատրաստման գործում ունեցած սեփական հմտությամբ և արհեստավարժությամբ: Փառատոնին ներկայացվելու է ժենգյալով հացի պատրաստման ողջ գործընթացը, որն ուղեկցվելու է ուտեստի հետաքրքիր մատուցմամբ», iPRESS.amի հետ զրույցում նշեց փառատոնի կազմակերպիչ, «Էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը։

Փառատոնի նպատակն է հին ազգային ավանդույթների, ոչ նյութական մշակութային արժեքների պահպանումն ու հանրայնացումը, համայնքային կյանքի աշխուժացումը, էկոտուրիզմի խթանումը Արցախում։

Նարի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։