ՄԱՄՈւԼ > «168 ժամ». Միայն բանակը չի կարող հաղթել պատերազմում

«168 ժամ». Միայն բանակը չի կարող հաղթել պատերազմում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«168 ժամ» թերթը գրում է. ««Իրավիճակն արտաքինից, կարելի է ասել, որ հանգիստ է։ Եթե մենք իրավիճակին նայենք, կարող է՝ սխալվենք»,- ապրիլյան պատերազմի տարելիցին նվիրված հարցազրույցում ասել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը՝ ընդգծելով, որ պետք է նկատի առնել ադրբեջանական կողմի սպառազինությունների շարունակական ավելացումը:

«Հակառակորդն ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականացնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր երկրներից, որի համար, իհարկե, վճարում է։ Չեմ կարծում, որ այդքանն արվում է խաղաղության համար»,- ասել է նա։

Լեւոն Մնացականյանը համարում է, որ Արցախի անկախությունը դե յուրե հաստատելու համար, ըստ ամենայնի, լինելու է պատերազմ․ «Ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի, եւ մեր պարագայում ավելի շատ հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է, որովհետեւ, վերջիվերջո, անկախությունը դե ֆակտո կա, պետք է հաստատվի նաեւ դե յուրե, եւ մենք գիտենք, որ մյուս կողմը դրա համաձայնությունը չի տա, եւ պետք է հարցը լուծվի։ Հարցի լուծման միակ ճանապարհը, կարծում եմ, ռազմականն է, եւ պետք է պատրաստվենք մարտական գործողությունների։ Վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»։

Օրեր առաջ էլ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր հայտարարել, որ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը պետք է վերաձեւակերպել «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»  բանաձեւի։

Այսպիսով, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են հակամարտության կողմերին կոչ անել պատրաստվել խաղաղության, Հայաստանի քաղաքական դիսկուրսում քննարկվում է պատերազմի հնարավորությունը։ Եվ այս հայտարարությունները, այս մոտեցումներն իրավիճակին միանգամայն համարժեք են թե՛ ձեւով, թե՛ բովանդակությամբ։

Հաշվի առնելով Ադրբեջանի վարքագիծը, Հայաստանն ու Արցախն այլ տարբերակ չունեն, քան մշտապես պատրաստ լինել պատերազմի։ Եվ եթե իրավիճակային՝ կարճաժամկետ առումով այս թեզը միանգամայն տեղին է թվում, ապա այլ է պատկերը, երբ խնդրին նայում ենք երկարաժամկետ հեռանկարում։ Եվ այդ դեպքում առաջանում է հարց՝ որքանո՞վ է Հայաստանը՝ իր այսօրվա պետական կառավարման համակարգերով, համապատասխան ինստիտուտներով ու կառույցներով, քաղաքական-հանրային հարաբերությունների որակով, բարոյահոգեբանական մթնոլորտով, պատրաստ պատերազմին, պատրաստ ոչ միայն՝ ուղղակի պատրաստ լինելու, այլ՝ պատերազմին դիմակայելու ու պատերազմում հաղթելու տեսանկյունից։

Ահա այս եւ դրանից բխող մի շարք այլ հարցադրումների պարագայում պատասխաններն այնքան էլ միանշանակ չեն հնչում։ Այն անլրջությունը, կադրային տապալված այն քաղաքականությունը, որն առկա է պետական կառավարման համակարգում, ստիպում են այդ հարցադրումներին տարակուսանքով վերաբերվել։ Որովհետեւ պատերազմը չեն վարում միայն զինված ուժերը, պատերազմը վարում եւ հաղթում են պետությունները՝ բանակի ամուր թիկունքով ու հզոր տնտեսությամբ։

Իսկ տնտեսության մեջ անցած մեկ տարվա ընթացքում, բացի տնտեսական հեղափոխության մասին հռչակագրից, մենք որեւէ առարկայական տեղաշարժ չունենք։ Այնպես որ, այո՛, պետք է պատրաստվել պատերազմին։ Բայց դրան պետք է պատրաստվել ոչ միայն՝ զինված ուժերի մարտունակության բարձրացմամբ, այլ նաեւ՝ պետությունը հզորացնելով։ Այն, ինչը Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում։ Հուսանք՝ առայժմ չի հաջողվում»:

  • 28
    Поделились
-.-