ՎԵՐԼՈՒԾՈւԹՅՈւՆ > Ինչու է Փաշինյանը մեկուսացնում Սարգսյանին

Ինչու է Փաշինյանը մեկուսացնում Սարգսյանին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու մարտի 12-ին  Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին: Թերևս միայն միամիտները կարող են հավատալ՝ տեխնիկական պատճառների մասին բերված պատճառաբանությանը, իհարկե, նախագահը կարող էր շատ կարճ ժամանակամիջոցում հասնել Արցախ և մասնակցել վերոնշյալ նիստին, մինչդեռ պարզից էլ պարզ է, որ հրավերի ուշացումը ինքնին ակնարկ էր Սարգսյանին, որ վերջինս այդ նիստին անցանկալի անձ է:

 Ստեղծված իրավիճակը լակմուսի թղթի պես բացահայտում է Փաշինյան-Սարգսյան հարաբերություններում առկա հակասությունները: Մի կողմից Փաշինյանի մտավախությունները հասկանալի են: Վարչապետի և իր թիմի վարկանիշը սրնթաց անկում է ապրում, և հետագայում այս իրավիճակից շահած կարող է դուրս գալ հենց Արմեն Սարգսյանը, ով որևէ կերպ չի առընչվում Փաշինյանի թիմի հետ, և բացի այդ ընդունված գործիչ է համաշխարհային բոլոր կենտրոնների համար: Մյուս կողմից էլ Սարգսյանը երրորդ նախագահի կադրն է, և այս տեսանկյունից կա որոշակի անվստահության մթնոլորտ նրա և ՀՀ նոր իշխանությունների միջև: Բայց չէ՞ որ  Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի, ու ինքը տեսել է ՀՀ նախագահ դառնալու համար անհրաժեշտ քաղաքացիության փաստաթուղթը։

Հակասությունները Փաշինյանի և Սարգսյանի միջև ակնհայտ դարձան դեռևս անցած շաբաթ՝ նրանց միջև կայացած հանդիպման ընթացքում, երբ վարչապետը տողատակով կշտամբեց նախագահին՝ առանց իր հետ համաձայնեցնելու արտասահմանյան այցեր կատարելու համար: Արդյո՞ք Փաշինյանի խանդի տեսարանները և ամեն գնով նախագահին մեկուսացնելու, ստվերելու, պետական գործերից հեռացնելու և բառի բուն իմաստով «անգլիական թագուհու» վերածելու այս քաղաքականությունը արդյունավետ է պետական շահի տեսանկյունից, հաշվի առնելով Սարգսյանի հեղինակությունը և կապերը, որոնք կարող էին հարցի ավելի խորքային վերլուծության պարագայում օգնել Փաշինյանին և իր թիմին՝ աշխարհաքաղաքական-տնտեսական բարդ իրավիճակում: Սակայն Փաշինյանի մոտ հաղթում է ոչ թե պետական մտածելակերպը, այլ սեփական ամբիցիաների բավարարումը:

iPRESS.am

 

Facebook Comments
  • 120
    Поделились
-.-