ԿՐԹՈւԹՅՈւՆ > Ավագ դպրոցներին հավելյալ 1 մլրդ դրամ ֆինանսավորում է հատկացվել. խորհրդակցություն ԿԳՆ-ում

Ավագ դպրոցներին հավելյալ 1 մլրդ դրամ ֆինանսավորում է հատկացվել. խորհրդակցություն ԿԳՆ-ում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 11-ին, ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են հանրակրթության ոլորտի պատասխանատուները, դպրոցների տնօրենները: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից։

ԿԳ նախարարը նշել է, որ Կառավարության որոշմամբ ավագ դպրոցների այս տարվա ֆինանսավորումն ավելացվել է շուրջ 1 մլրդ դրամով: Գումարը հատկացվել է կրթության ոլորտի ֆինանասավորումից` այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների վերաբաշխման եւ տնտեսման հաշվին: Հատկացված հավելյալ միջոցները հնարավորություն կտան մեծացնել ավագ դպրոցների ֆինանսավորման գործակիցը, որն առաջացել էր դեռեւս անցյալ տարվանից` գործակցի փոփոխության հետեւանքով:

«Անցյալ տարվա հունվարից ավագ դպրոցների ֆինանսավորման գործակիցը փոխվել էր, եւ առաջացել էին ֆինանսավորման հետ կապված խնդիրներ: Կառավարությունում քննարկումների արդյունքում, քանի որ այս հարցն անընդհատ բարձրացվում էր, որոշում կայացվեց ֆինանսավորման գործակիցը բարձրացնել` ելնելով առկա հնարավորություններից: Կարծում եմ` այս որոշումից հետո ավագ դպրոցների տնօրենները կկարողանան լուծում տալ դպրոցներում կուտակված հարցերին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ ավագ դպրոցների հաստիքացուցակների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ: Սահմանվելու է հետեւողական եւ խիստ վերահսկողություն, որպեսզի ավելորդ, չհիմնավորված տեխնիկական հաստիքներով դպրոցների բյուջեները չծանրաբեռնվեն: Առաջնահերթությունը, ըստ նախարարի, պետք է տալ դպրոցի բովանդակային բարելավմանը եւ կրթության որակի բարձրացմանը միտված աշխատանքներին: Նա նաեւ տեղեկացրել է, որ հաստատվել է 7 ավագ դպրոցների կապիտալ վերանորոգման ծրագիրը, որում ընդգրկվել են նորոգման առաջնային եւ հրատապ անհրաժեշտություն ունեցող դպրոցները:

Ա. Հարությունյանի խոսքով` նախարարությունը փորձում է լրացուցիչ միջոցներ ներգրավել դպրոցաշինության ոլորտում, եւ այդ նպատակով այժմ աշխատանքներ են տարվում բարեգործական կազմակերպությունների հետ: «Ժամանակին ավագ դպրոցներին հատկացվել են ամենավատ շենքային պայմաններով դպրոցները: Բայց այս պահին մենք ունենք իրողություն եւ աշխատաքնները կազմակերպում ենք`ելնելով այդ իրողությունից»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով բովանդակային բարելավման ծրագրերին` նա նշել է, որ այս տարի ավագ դպրոցները ստանալու են շուրջ 300 նոր լաբորատորիաներ` հագեցած ժամանակակից սարքավորումներով:

Նախարարն անդրադարձել է նաեւ դպրոցների կառավարման խորհուրդների ձեւավորման եւ տնօրենների ընտրության խնդրին` նշելով, որ բոլոր խորհուրդները պետք է ձեւավորվեն օրենքներին համապատասխան, լինեն լեգիտիմ եւ կայացնեն դպրոցների զարգացմանը միտված որոշումներ: Զուգահեռաբար փոփոխություններ են կատարվելու խորհուրդների կազմավորման եւ տնօրենների ընտրության կարգերում: Նախարարը նշել է, որ այժմ գույքագրվում են ավագ դպրոցների շենքային պայմանները, որպեսզի տրվի առկա վիճակին համընդհանուր գնահատական եւ մշակվի բերելավման ծրագիր:

Նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն իր խոսքում անդրադարձել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հանրակրթության տեղեկատվական համակարգի լրացման կարեւորությանը` ընդգծելով, որ այդ տվյալներն են հիմք հանդիսանալու ոլորտի բարեփոխման ծրագրերի մշակման համար: Նախարարի տեղակալը հորդորել է տնօրեններին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ տվյալների մուտքագրման գործընթացին:

Քննարկման ընթացքում հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ այժմ մշակվում է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման փորձարկման ծրագիրը: Նախատեսվում է կրեդիտային համակարգի ներդրման փորձարկումը սկսել բուհերին կից ավագ դպրոցներից: Հետագայում արդեն, ելնելով արդյունքներից, ծրագիրը կընդլայնվի:

Բացի այդ, հաշվի առնելով, որ այժմ մեկնարկել է կրթության բովանդակության վերանայման լայնածավալ փուլը եւ չափորոշիչների ու առարկայական ծրագրերի փոփոխումը, նախատեսվում է մինչեւ 2022 թվականը կասեցնել ուսուցիչների պարտադիր վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացը: Կասեցումը, ըստ վարչության պետի, չի վերաբերելու «Ուսուցիչ» ծրագրով նախատեսված կամավոր ատեստավորմանը, որն առանձին գործընթաց է:

Հանդիպման ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ավագ դպրոցների տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների ֆինանսավորմանը, բարեկարգմանը, դասարաններում աշակերտների խտությանը, ուսուցիչների դրույքային ծանրաբեռնվածությանը եւ այլ հարցերի:

Facebook Comments
  • 19
    Shares

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։