ՎԵՐԼՈՒԾՈւԹՅՈւՆ > Վալերիյ Օսիպյանի կարճ հիշողությունը

Վալերիյ Օսիպյանի կարճ հիշողությունը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Օրերս տեղեկություն տարածվեց, որ 2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է՝ պատճառաբանելով, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն: Գաղտնիք չէ, որ 2015-ին Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում մի շարք լրագրողների և հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվեց բռնություն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, դիտավորությամբ ոչնչացնելով լրագրողների տեսաձայնագրող սարքերը, խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեության իրականացումը: Կիրառված անհամաչափ ուժի արդյունքում տասնյակ ցուցարարներ և լրագրողներ տեղափոխվեցին հիվանդանոցներ, հարյուրավորները՝ բերման ենթարկվեցին:

Ներկայիս ոստիկանապետ, իսկ այդ օրերին փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը գլխավոր գործող անձանցից մեկն էր, ով նաև այդ օրերին լինելով Վլադիմիր Գասպարյանի բանագնացը, դեպքի վայրում վստահեցնում էր՝ բոլորը անխտիր պատժվելու են, բոլորին ֆիքսել են: Այսօր Օսիպյանը ոստիկանապետ է, սակայն նրա ղեկավարած համակարգը փոխարենը զբաղվի վերոնշյալ դեպքի համակողմանի քննությամբ՝ ի վերջո իրավիճակ է փոխվել, զբաղված է էլեմենտար ծածկադմփոցով , և ոստիկանապետի մոտ բնավ էլ չի նկատվում իրական մեղավորներին պարզելու կամք: Մինչդեռ ոստիկանապետը չի կարող չգիտակցել, որ անպատժելիության մթնոլորտը ծնելու է նոր հանցագործություններ, որին դիմակայելու է հենց իր համակարգը՝ եթե կարողանա իհարկե:

Ընդ որում այս տարակուսելի պահվածքը վերաբերվում է ոչ միայն ոստիկանապետին: Լռում են բոլորը՝ անգամ այն ակտիվիստները, ովքեր ժամանակին սոցիալական ցանցերը ողողում էին Էլեկտրիկ Երևանի ցույցերին մասնակցելու արդյունքում ստացած մարմնական վնասվածքների լուսանկարներով, բողոքում էին իշխանությունների լռությունից, անգործությունից: Այսօր, ստանալով մեկ-երկու պաշտոն, տեղավորվելով տաքուկ գրասենյակներում, մոռացել են, որ իրենց ոտնահարված իրավունքները չեն վերականգնվել, կամ մի գուցե նրանք մեծահոգաբար ներե՞լ են մերժված ռեժիմին…

Ուշագրավ է նաև վարչապետ Փաշինյանի մոտեցումը այս հարցին: Նա հայտարարում է, որ բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ, ուրեմն գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի: Ինչ է ստացվում, հին Հայաստանում «ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության և ընդդեմ ժողովրդի» գործած հանցանքները կարելի՞ է մեկ օրում ջրել և մոռանալ: Միթե՞ տուժողները այդ նույն հպարտ քաղաքացիները չէին, այն նույն մարդիկ ովքեր անցած տարվա ապրիլին կանգնեցին Փաշինյանի կողքին, այն դժգոհ ու փոփոխությունների ծարավ հանրային սեկտորը:

Եվ ցավալին այն է, որ Նոր Հայաստանում  հանցագործություններ «ջրելը», կարծես, արդեն ավանդույթ է դարձել: Այսպես «ջրվեց» Սարի Թաղի քրեական գործը, Մարալիկի ծեծն ու ջարդը նույնպես անպատիժ մնաց, անպատիժ մնաց նաև զինակոչիկներին տեղափոխող ավոտբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպը: Հետհեղափոխական Հայաստանում իշխանությունները ընտրողաբար են մոտենում քրեական գործերի համակողմանի քննությանը և բացահայտմանը, այլ հարց է՝ ինչ սկզբունք է ընկած այդ «ընտրության» հիմքում…

iPRESS.am

Facebook Comments
  • 38
    Shares

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։